Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Կայացավ «Հատուկ գիտելիքները իրավակիրառ գործունեության մեջ. արդի միտումներ» խորագրով միջազգային համաժողովը
Ապրիլի 28-ին հեռավար ձևաչափով տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի, ՌԴ արդարադատության նախարարության Ա. Ռ. Շլյախովի անվան Ռուսաստանի դատական փորձաքննությունների դաշնային կենտրոնի և Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի համատեղ կազմակերպած «Հատուկ գիտելիքները իրավակիրառ գործունեության մեջ. արդի միտումներ» խորագրով միջազգային գիտագործնական համաժողովը:
Միջոցառման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ ՄՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան, ակադեմիկոս Ա. Կ. Գոլիչենկովը՝ նշելով, որ առաջին անգամ են դատափորձագիտական ոլորտի հիմնախնդիրներին վերաբերող նման ձևաչափով միջազգային համաժողով կազմակերպում՝ հույս հայտնելով, որ նմանօրինակ միջազգային հարթակները կնպաստեն գիտական մտքի փոխանակմանը, ինչպես նաև դատափորձագիտական բնագավառում գիտագործնական կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը:
Համաժողովի շրջանակներում մասնակիցները ներկայացրեցին մի շարք արժեքավոր գիտական զեկույցներ, որոնք լուսաբանում էին դատական փորձաքննության չորս ուղղությունների՝ նյութագիտական, մոլեկուլյար-գենետիկական, հոգեբանական և տնտեսագիտական բնագավառների արդի հիմնախնդիրներն ու զարգացման միտումները:
Մասնավորապես՝ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ, քիմիական գիտությունների դոկտոր Պատվական Ոսկանյանը ներկայացրեց մազերի և եղունգների մեջ հոգեներգործուն նյութերի մակերևութային և ծավալային պարունակության տարբերակման գիտական մեթոդները:
Բյուրոյի հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը խոսեց ժամանակակից փորձաքննություններում կիրառվող այլընտրանքային մեթոդների և մեթոդիկաների մասին՝ անդրադառնալով նաև հոգեբանական փորձաքննության ոլորտում հատուկ գիտելիքների կիրառմանը:
Բյուրոյի դատագենետիկական փորձաքննությունների բաժանմունքի պետ Անահիտ Մամիկոնյանը ներկայացրեց խոնավության ազդեցության գիտական վերլուծությունը արյան հետքերում ԴՆԹ-ի պահպանվածության վրա՝ հաշվի առնելով ժամանակային դինամիկան, իսկ Բյուրոյի գիտական հետազոտությունների համակարգման և տեխնիկական փորձարկումների բաժնի պետ, տնտեսագիտության դոկտոր Կարեն Մամիկոնյանը ներկայացրեց զեկույց «Համակարգչային ծրագրերի և վեբ-կայքերի արժեքի որոշման մեթոդաբանական խնդիրները ֆինանսատնտեսագիտական փորձաքննությունների ընթացքում» թեմայով:
Համաժողովի ընթացքում զեկույցներ ներկայացվեցին նաև թվային հետքերի հետազոտման և տեսաձայնագրային փորձաքննությունների բնագավառներին առնչվող հիմնահարցերի վերաբերյալ:
Համաժողովն ամփոփվեց մասնակիցների միջև ծավալված ակտիվ քննարկումներով և հարցուպատասխանով:
Մասնակիցները բարձր գնահատեցին ներկայացված հետազոտությունների գործնական նշանակությունը և պատրաստակամություն հայտնեցին շարունակելու սերտ համագործակցությունը դատափորձագիտական բնագավառում՝ պայմանավորվածություն ձեռք բերելով փոխանակվել մասնագիտական փորձով ու գիտական հետազոտությունների արդյունքներով:
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է մասնակցությունը նմանօրինակ համաժողովներին՝ ի նպաստ միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնման, մեր երկրում դատափորձագիտական հնարավորությունների արդիականացմանն ու ոլորտի կայուն զարգացման ապահովմանը:
29 April 2026






.jpg)